Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատմա-մշակութային զանազան միջոցառումների մի շարք է ծավալվել Ֆրանսիայով մեկ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմեր, հանդիպումներ և այլ միջոցառումներ։ Ասես բոլորը, շունչները պահած, սպասում էին այս օրվան, որ սեղմ ժամկետի մեջ, միանգամից գրոհեն ունկնդիրների և հանդիսատեսների վրա: Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ միայն երկրի հայաշատ քաղաքներում:
Ամենապարապ մարդն անգամ, հավանաբար, չկարողանա ներկա լինել բոլոր միջոցառումներին, բայց այն, ինչ բախտ ունեցանք դիտելու և լսելու ապրիլի 25-ին՝ Փարիզի հեղինակավոր՝ Salle Gaveau՝ Գավո դահլիճում, ըստ երևույթին լավագույնն էր ոչ միայն այդ, այլև վերջին տարիների հայկական միջոցառումների շարքում:
Հաջողության գրավականները մի քանիսն են: Նախ, հիմնական «մեղավորի» անունը տանք. Ադամ Բարրո, նույն ինքը՝ Մուրադ Ամիրխանյան: Պարզվեց, որ ոչ միայն փայլուն երգիչ է, այլև նույնքան հմուտ կազմակերպիչ և բեմադրիչ: Հատկապես կուզեինք շեշտել վերջինը. դա ոչ միայն նուրբ ճաշակով կազմակերպված համերգ էր, այլև հստակ գաղափարախոսությամբ բեմադրված ներկայացում, որտեղ ամեն ինչը մանրակրկիտ հաշվարկված էր և որոշակի նպատակի էր ծառայում:
Հաջորդ գրավականը. համարների և կատարողների ընտրությունը: Դա «բելկանտո»-ի և կատարողական վիրտուոզ արվեստի մի հրավառություն էր: Վերդին, Գունոն, Սարասատեն, Բելլինին, Մոցարտը, Դոնիցետտին և Ռոսսինին մատուցվում էին հայ հեղինակների հետ զուգահեռ: Եվ այդ նրբին ու վսեմ արվեստը, այդպես շռայլորեն մատուցված, ունկնդիրներին միանգամից մտցրեց աստվածային մի էքստազի, անհոգ մի երջանկության մեջ, մոռացնելով անգամ համերգի բուն նպատակը, վերնագիրը. «Հայկական ցեղասպանություն… 1915-2015, մեկդարյա հիշատակ»:
Եվ հանկարծ բարձր արվեստի մոգությունը միանգամից փշրվեց մեկ այլ, դարձյալ վսեմ արվեստի մոգությամբ՝ գեղեցիկի և բարու տիրույթներից տանելով դեպի արյուն, ավեր ու մահ, դեպի հարյուրամյա Աղետը: Բեմում հայտնվեց Անահիտ Թոփչյանը՝ ոտքից գլուխ սև հագած: Հայտարարված էր, որ պիտի արտասանի մի հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Առաջին իսկ բառերից մթնոլորտը դահլիճում փոխվեց: Եվ հանկարծ պարույրսևակյան բարբառախառն արևելահայերենին հաջորդեց դասական արևմտահայերենը, Անահիտը ոչ թե արտասանեց, այլ փաստորեն բացառիկ մի դրամատիզմով խաղաց Ռուբեն Սևակի «Օրոր» բանաստեղծությունը՝ «Կիլիկյան երգեր» շարքից: Նախորդած տեքստից ծնված ողբերգականությունը թանձրացավ, հուզմունքը համակեց ամբողջ դահլիճը, արցունքներ երևացին… Ցավը սաստկացավ՝ 1909 թ. Ադանայի ողբերգության ժամանակակցի ցավով, և շարունակվեց ու ավարտվեց «Զանգակատան» ամբողջական հատվածով: Սևակը հարստացավ Սևակով: Դա ոչ թե սոսկ ասմունք էր, այլ մեր գրական երկու լեզուներով զուգորդված, Աղետի երկու ընկալումներով դիտված, նույն ծածկանունը կրող երկու բանաստեղծների տեքստերի վրա կառուցված մոնոդրամ: Համերգից հետո հանդիսատեսները, մոտենալով Անահիտ Թոփչյանին, խոստովանում էին, որ նրա կատարման շնորհիվ զգացին Եղեռնի ողջ ահավորությունը: Դրանց մեջ նաև ֆրանսիացիներ կային: Իսկ արվեստաբան, լրագրող Իզաբել Գևորգյանն իր բլոգում զետեղված հոդվածում Անահիտին անվանեց «Ողբերգակ դերասանուհի, մոլեգին և միաժամանակ զուսպ»:
Համերգը խառն էր՝ ֆրանս-հայկական: Խառնվել էին ոչ միայն մասնակիցները, այլև լեզուները: Ֆրանսիացիք երգեցին հայերեն, հայերը՝ ֆրանսերեն: «Մայր Արաքսի ափերով»-ը Ադամ Բարրոյի կատարմամբ հնչեց ֆրանսերեն, ֆրանսուհի երիտասարդ և սքանչելի երգչուհի Ժյուլիա Կնեշտը հայերեն երգեց Կոմիտասի «Գարուն ա»-ն, իսկ Ֆաննի Կրուեն, դարձյալ հայերեն՝ «Կռունկ»-ը: Սակայն փառահեղ էր համերգի ավարտը, երբ երկու ֆրանսուհի և ծագումով հույն երգիչ Ռեմի Պուլակիսը, Ադամ Բարրոյի գլխավորությամբ հնչեցրին Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ»-ը: «Հույսի հայրենիք, լույսի հայրենիք» երգում էին հայերեն երեք ազգերի ներկայացուցիչները:
«Չորս ժամ տևած համերգից հետո դահլիճը պատրաստ էր ամբողջ գիշեր մնալու արտիստների հետ: Ոտքի, ոգևորված: Համերգը երկար եղավ, միաժամանակ կարճ: Համարների շղթայումն այնքան ճիշտ էր, որ անկարելի էր սխալվել: Մտածված ծրագիր, հարուստ և կենսախինդ»,- այսպես է ավարտում Իզաբել Գևորգյանն իր փառաբանական հոդվածը համերգի մասին: Եվ նրա ասածում ոչ մի չափազանցություն չկա: Իսկապես բախտավոր էին նրանք, որ այդ երեկո եղան Salle Gaveau-ում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Փարիզ